Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ԱՄՆ-ը և ԵՄ-ն դուրս մնացին Սիրիայից

ԱՄՆ-ը և ԵՄ-ն դուրս մնացին Սիրիայից
23.12.2016 | 13:01

Սիրիայի ապագան վճռվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ՝ այս ուղերձն էր ուզում տեղ հասցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ընդունելով Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներին: «Առավել արդյունավետն այն ձևաչափն է, որ դուք այսօր տեսնում եք»՝ հայտարարել է պարոն Լավրովը՝ համատեղ մամլո ասուլիսում ներկայացնելով Մոսկվայի հայտարարությունը: Միևնույն ժամանակ կազմակերպվել է երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպում, որի ընթացքում ճանաչվել է ԱՄՆ-ի և սիրիական կոնֆլիկտի կարգավորման նրա գործընկերների գործողությունների ձախողումը:

«Նրանցից ոչ ոք ցամաքում ռեալ ազդեցություն չուներ»՝ կտրուկ գնահատել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ԱՄՆ-ը և ԵՄ-ն, որ մինչև այժմ ՌԴ-ի հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման երաշխավորներ էին, լքեցին բեմը: Արևելյան Հալեպի ապստամբ շրջաններից Ասադի վարչակարգի զոհը դարձած բնակիչների և զինյալների դրամատիկ տարհանումը հաստատեց Մոսկվայի հաղթանակը: «Այսօր,-ընդգծեց պարոն Լավրովը,- եռյակի ձևաչափը ցույց տվեց իր կայացածությունը: Վերջին անգամ մայիսին մեր ՄԱԿ-ի գործընկերները փորձեցին Սիրիայի քաղաքական գործընթացի կարգավորման գործողություններ ձեռնարկել»: Եռյակը ամեն ինչ վերցրել է իր վերահսկողության տակ, խոստանալով դառնալ ճգնաժամից դուրս գալու որոշումների երաշխավոր: «Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան պատրաստ են արդեն ընթացող բանակցություններում նպաստել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև համաձայնության մշակմանը և դառնալ նրա կատարման երաշխավորը»՝ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը, չճշտելով՝ ինչ բանակցությունների մասին է խոսքը և ընդդիմությունից հատկապես ո՞ւմ հետ են բանակցում: Համատեղ հայտարարությունը կոչ է անում «մնացած երկրներին անել նույնը»` նպաստելու պայմանագրի կատարմանը: Բանակցությունների ընթացքում երեք նախարարները պայմանավորվել են աշխատել «Սիրիայի ամբողջ տարածքում կրակի դադարեցման» շուրջ (բացառությամբ այն տարածքների, որտեղ ԻՊ-ի և «Ջաբհատ ան Նուսրայի» զինյալներն են) և երաշխավորել մարդասիրական օգնության անարգել մուտքն ու բնակչության ազատ տեղաշարժը Սիրիայի տարածքում: «Համատեղ հայտարարությունը որոշարկում է բոլոր երեք երկրների պարտավորությունները,-հավելեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:- Մարդասիրական օգնությունը տեղ կհասցվի, և կգտնվի քաղաքական որոշումը, որ երաշխավորում է Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնականության հարգումը»: Թուրքիայի նախարարը, որ ելույթ էր ունենում Անկարայում Հալեպի համար վրեժ լուծող ոստիկանի ձեռքով ՌԴ դեսպանի սպանության հաջորդ օրը, համերաշխ էր գործընկերների հետ: Պարոն Լավրովի ընդունելության ժամանակ նա հիշեց Սիրիայի երկրորդ քաղաքի տարհանման ընդհանուր «հաջողությունը»: «Այսօր մենք ուզում ենք շարունակել այդ համագործակցությունը Սիրիայի մյուս շրջաններում»՝ ասաց նախարարը:


Սակայն ցուցադրված միասնականությունը առանց տարաձայնությունների ու խայթոցների չէր: Այն դեպքում, որ Թուրքիան աջակցում է որոշ ապստամբների և կողմ է Ասադի հեռանալուն, պարոն Լավրովը բացատրեց այդ հարցում «ընդհանուր» դիրքորոշումը. «Արաբական գարնան շրջանակներում արտաքին շատ խաղացողներ փորձեցին իրավիճակն օգտագործել իրենց օգտին և վարչակարգը փոխել: Բայց հետո գիտակցեցին, որ գերակա է ոչ թե վարչակարգի փոփոխությունը, այլ ահաբեկչության դեմ պայքարը»: Մևլութ Չավուշօղլուն չառարկեց, նա ընդգծեց, որ պետք է դադարել աջակցություն ցույց տալ Սիրիայում կռվող բոլոր «օտարերկրյա խմբավորումներին»՝ թափանցիկ ակնարկելով իրանական «Հըզբոլլահը», իրաքյան շիա ապստանբներին և սիրիական բանակի մյուս աջակիցներին: «Սխալ կլիներ այդ ամենին միայն մեկ կողմից նայել»՝ ասաց Չավուշօղլուն: «Մեր համատեղ հայտարարության մեջ մենք խոսում ենք, որ մեր երեք երկրները պարտավորվում են պայքարել ԻՊ-ի, Ջահբատ ան Նուսրայի և նրանց հետ կապված զինյալների դեմ: Ռուսաստանը, ինչպես և Իրանը, հաճախ էր ահաբեկիչներ անվանում բոլորին, որ դեմ էին Ասադին»՝ ժպտալով մեկնաբանեց ԻԻՀ ԱԳ նախարարը:


Թեհրանը ևս մեկ դժգոհություն ուներ: Երեքշաբթի ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեմ հանդես եկավ միաձայն ընդունված, ներառյալ ՌԴ-ն, բանաձևին՝ արևելան Հալեպում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման մասին՝ քաղաքացիական բնակչության և զինյալների վերջին տարհանումները դիտարկելու համար: Նրա կարծիքով՝ դա թույլ կտա քաղաք ներթափանցել «զինված տարրերին և հետախուզական ծառայություններին, որ աջակցում են ահաբեկչությունը»: Տարհանումը կավարտվի առավելագույնը երկու օրից՝ հավատացրեց պարոն Լավրովը: Համենայն դեպս՝ եռյակը պայմանավորվել է, որ Սիրիայում չի կարող լինել որևէ ռազմական լուծում: Դա նշանակում է, որ Ասադի հավակնությունները նրանց աչքում այդքան էլ բարձր գին չունեն: Իրոք, Սիրիայի նախագահը հայտարարեց, որ ևս մի քիչ ու կհասնի Սիրիայի վերամիավորմանը: Բացառությամբ անտիկ Պալմիրան՝ «ազատագրված» մարտին ու նորից ջիհադիստների ձեռքն անցած: Երաշխավորները, կարծես, նրա հետ համաձայն չեն: Մոսկվաի հանդիպումը հարված է Ասադին, որ ամբողջությամբ կախված է իր դաշնակիցներից և կյանքով է նրանց պարտական: Արևելյան Հալեպի անկումը քաղաքացիական պատերազմի հինգ տարիների առաջին հաղթանակը բերեց նրան:
Իզաբել ՄԱՆԴՐՈ, Le Monde


Հ.Գ. ՈՒ ի՞նչ: Ինչի՞ դիմաց են Սիրիան «հանձնում» ԱՄՆ-ը և ԵՄ-ն: Սա չափազանց կարևոր հարց է՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի կայունության ու անկայունության լիմիտը: Միասնական կմնա՞ եռյակը, եթե ձևաչափի յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, հավելեք Ասադի հավակնությունները: Իսկ քրդե՞րը: Կա երկու տարբերակ՝ եռյակի ձևաչափը խիստ ժամանակավոր է և Հալեպից հետո այլևս ներքին տարաձայնությունների պատճառով՝ չի շարունակի գործել՝ մեկ, և երկրորդ՝ եռյակի երկրներից յուրաքանչյուրը ունի «պատասխանատվության» իր շրջանակները, որը ձևաչափի ստվերային ընդլայնում է բերելու: Իսկ երրորդ տարբերակը Սիրիայում խաղաղության համաձայնագիր կնքելն է, որ կարող է Նոբելյան խաղաղության մրցանակ բերել վերջապես Պուտինին՝ մեկ երրորդ մասով, բայց հազիվ թե նորվեգացիները Էրդողանին ու Ռոհանիին մրցանակ տան, թեկուզ՝ մեկ երրորդով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ